FlyOne Armenia-ն դարձավ առաջին հայկական ավիաընկերությունը, որը սեփականության իրավունքով ձեռք բերեց Airbus A321 օդանավ՝ ամրապնդելով առաջատարի իր դիրքը Հայաստանի ավիացիոն շուկայում։
Այս կարևոր ձեռքբերման կապակցությամբ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ Airbus A321 օդանավի դիմավորման խորհրդանշական արարողությունը։ Ներկաները ծանոթացան ավիաընկերության վերջին ձեռքբերումների հետ, գնահատեցին օդանավի ժամանակակից հնարավորությունները, շրջեցին օդանավի սրահում, այցելեցին օդաչուի խցիկ և ծանոթացան օդանավի տեխնիկական առանձնահատկություններին։
«Այս օդանավի ձեռքբերումը կարևորագույն քայլ է ոչ միայն FlyOne Armenia-ի, այլև Հայաստանի ողջ ավիացիայի համար, որն այս քայլով բարձրանում է նոր մակարդակի: FlyOne Armenia-ն ոչ միայն հայկական ավիացիայի առաջատարն է, այլև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բազավորված ամենախոշոր ընկերությունը։ Այս քայլով ավիաընկերությունը ամրապնդում է Հայաստանի Հանրապետության ավիացիոն անկախությունը, ապահովվում ավիատոմսերի մատչելիությունը և խթանում երկրի զբոսաշրջության զարգացումը»,– նշել է FlyOne Armenia-ի գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը:
Նոր Airbus A321-ը համարվում է իր դասի առաջատարներից մեկը՝ աչքի ընկնելով բարձր արդյունավետությամբ, թռիչքային ճկունությամբ և ուղևորների համար հարմարավետությամբ։ 220 ուղևորի համար նախատեսված ընդարձակ սրահն ապահովված է ժամանակակից տեխնոլոգիաներով և նոր սերնդի հարմարություններով, որոնք ուղևորներին առաջարկում են հարմարավետ նստատեղեր, ժամանակակից լուսավորություն և առավել կայուն թռիչքային միջավայր։
Airbus A321-ի ժամանումով ընկերության օդանավերի թիվը հասավ 9-ի, որոնցից 5-ը պատկանում են FlyOne Armenia-ին՝ սեփականության իրավունքով։