FLYONE ARMENIA ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան՝ շուրջ 300 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կատարելով Հայաստանի ավիացիոն ոլորտում։ Այս ներդրումն ուղղված է ոչ միայն ավիապարկի ընդլայնմանն ու թռիչքային աշխարհագրության մեծացմանը, այլ նաև Հայաստանում ավիացիոն գործունեության միջավայրի և անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմանը։
Սույն թվականի հունիսի 18-ին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ պաշտոնական միջոցառում, որի շրջանակում կայացավ FLYONE ARMENIA ավիաընկերության օդանավերի շքերթը թռիչքուղում։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ավիապարկը համալրած Airbus A320 և Airbus A321 օդանավերը, իսկ Airbus A321 օդանավն իրականացրեց ցուցադրական թռիչք, որն ուղեկցվեց ջրային կամարի հանդիսավոր արարողությամբ։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը և նախագահի տեղակալ Ստեփան Փայասլյանը, «SIL Capital» ընկերության հիմնադիր Էդուարդ Սուքիասյանը, ինչպես նաև պետական կառույցների, ավիացիոն ոլորտի և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
«Այսօր մեզ համար առանձնահատուկ օր է։ Մենք հավաքվել ենք այստեղ՝ նշելու FLYONE Armenia ավիաընկերության նավատորմի համալրումը նոր Airbus A321 և Airbus A320 օդանավերով։ Յուրաքանչյուր նոր օդանավ պարզապես նավատորմի ընդլայնում չէ.
Այն խորհրդանշում է Հայաստանի ավիացիայի ապագայի նկատմամբ մեր վստահությունը, հաստատում է մեր երկարաժամկետ ռազմավարությունը, և արտացոլում է մեր վստահությունը, որ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի կարևոր ավիացիոն կենտրոններից մեկը »,– նշել է FLYONE ARMENIA-ի գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։
«Հայաստանի հանրապետության ավիացիոն շուկայի ամենամեծ կազմակերպությունը FLYONE ARMENIA-ն է, ուրախ եմ այսօր այստեղ գտնվել նաև նոր օդանավի դիմավորման առիթով։ Ավիապարկի թարմացումը ավիաընկերության և մեզ բոլորիս համար առաջնահերթություն է։ Այս առիթով ես շնորհավորում եմ բոլորիս, որովհետև այս ուղղությամբ ցանկացած ներդրում կարևոր ներդում է Հայաստանի ավիացիայի համար»,- նշել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Միջոցառման շրջանակոմ FLYONE ARMENIA–ն ազդարարեց «Սիլ Տեխնիքս» ընկերության հիմնադրման մասին։ Ընկերությունը հիմնադրվել է եվրոպական ավիացիոն անվտանգության ստանդարտներին համապատասխան և հանդիսանում է Հայաստանում իր տեսակի մեջ եզակի տեխնիկական սպասարկման կենտրոն։ Այն հնարավորություն կստեղծի սպասարկել ինչպես FLYONE ARMENIA-ի, այնպես էլ այլ ավիաընկերությունների օդանավերը՝ տեղական և եվրոպական ինժեներական ներուժի ներգրավմամբ և եվրոպական ավիացիոն անվտանգության չափանիշներին համապատասխան։
«Մեզ համար սա հատկապես կարևոր է, որովհետև Հայաստանում նման տեխնիկական կարողության ձևավորումը ստեղծում է ավիացիոն արժեքային շղթայի նոր և անհրաժեշտ օղակ։ Այն նպաստելու է տեղական ինժեներների և տեխնիկական մասնագետների պատրաստմանը, մասնագիտական գիտելիքի կուտակմանը, օդանավերի շահագործման արդյունավետության բարձրացմանը և Հայաստանի ավիացիոն ենթակառուցվածքների ամրապնդմանը։ Վստահ եմ, որ նման նախաձեռնությունները կարևոր նշանակություն ունեն նաև Հայաստանի ավիացիոն համակարգի միջազգային հեղինակության բարձրացման և եվրոպական անվտանգության ու տեխնիկական պահանջներին համապատասխանության ամրապնդման տեսանկյունից»,-նշել է «SIL Capital» ընկերության հիմնադիր Էդուարդ Սուքիասյանը։
2026 թվականին FLYONE ARMENIA-ի սեփական օդանավերի թիվը կհասնի 11-ի, իսկ ընդհանուր շահագործվող օդանավերի թիվը՝ 15-ի։
FLYONE ARMENIA-ն շարունակելու է ընդլայնել իր ավիապարկը, զարգացնել միջազգային ուղղությունների ցանցը և ամրապնդել Հայաստանի դիրքերը որպես տարածաշրջանային ավիացիոն կենտրոն։